BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մամեդյարովին Մոսկվայում կարող են Բարեկամության շքանշան տալ

Մամեդյարովին Մոսկվայում կարող են Բարեկամության շքանշան տալ
27.02.2017 | 11:44

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում նորից կտրուկ սրվեց իրավիճակը: Ինչպես միշտ, Բաքուն ու Երևանը մեղադրում են միմյանց լարումը սրելու մեջ, բերում են իրենց դրդապատճառներն ու փաստարկները: Դրանց կարելի է տարբեր վերաբերվել, գլխավորը փաստերից ելնելն է:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայտնվեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որ նախատեսում էին շփման գծում մշտական վերահսկողության և միջազգային դիտորդների տեղակայում: Հայկական կողմը ստորագրեց այդ համաձայնագրերը, Ադրբեջանը հրաժարվեց, թեպետ ակնհայտ է, որ դա թույլ կտար բացահայտել հրադադարի խախտման գլխավոր մեղավորին: Այդ պատճառով՝ կատարվող իրադարձությունների Բաքվից տարածվող մեկնաբանությունները լուրջ կասկածներ են հարուցում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշելով, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարվեցին Ադրբեջանի մեղքով, պատմում է, որ Բաքուն, օգտվելով բանակցային գործընթացի գաղտնիությունից, «սկսեց աղավաղել իրականությունը»: Նալանդյանը հիշում էր և ադրբեջանցի դիվանագետներից մեկի խոսքը, որ իբր Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք է բերվել հետևյալ պայմանավորվածությունը՝ վերահսկողության մեխանիզմների ստեղծումը նախատեսվում էր «հայկական ուժերի դուրսբերումից հետո»: «Բայց եթե համանախագահները այդպիսի առաջարկներ են արել,- հարցնում էր ՀՀ ԱԳ նախարարը,- ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում դրանցից»: Իրոք՝ ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը այն ելակետն է, որից ամեն ինչ սկսվում է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր կոչերը՝ հետևել առաջարկված սցենարին, որ կարող է նպաստել բանակցային գործընթացը լայն խաղաղության համաձայնագրի կնքմանը վերաճելուն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, այդպես էլ կոչեր են մնում: Ապրիլյան պատերազմը կասեցվեց միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջամտության շնորհիվ: Դրանից հետո Բաքուն տեղեկատվական տարածքում շրջանառում էր գաղափարը՝ իբր Մոսկվան իր ձեռքն է վերցրել կոնֆլիկտի կարգավորման նախաձեռնությունը և գործելու է սեփական սցենարով՝ Մինսկի խմբից դուրս: Այդպես հայտնվեց «Լավրովի պլանը», որ նախատեսում էր Ադրբեջանին որոշ շրջանների հանձնում «ինչ-որ բանի» փոխարեն: Սակայն Մոսկվան, Սանկտ Պետերբուրգից հետո առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպում, նկատի ուներ միայն, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը իրավաբանորեն կձևակերպվեն, որը ԵԱՀԿ Մինսկի խմբին թույլ կտա հետագա քայլերը ձեռնարկել կարգավորման ճանապարհին՝ ներմուծելով վերահսկողության համակարգեր կոնֆլիկտի գոտում և միջազգային դիտորդներ: Բաքուն այդ սցենարը ձախողեց:


Մարտին նախատեսված է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Մոսկվա՝ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում: Ավելի վաղ նույնանման այցով Մոսկվայում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և արժանացավ ռուսական պարգևի՝ Բարեկամության շքանշանի: Կարծես թե՝ նույն պարգևը Մոսկվայում սպասում է Մամեդյարովին: Բաքվում Ջիբուտիի ԱԳ նախարար Ալի Յուսուֆի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին՝ Մամեդյարովը հայտարարեց, որ «բանակցությունների առիթով լավատեսություն չի ապրում»: Նրա խոսքով՝ իբր «Հայաստանի ԱԳ նախարարը մեզ շանս չի թողել դրական գնահատել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացը»: Ի՞նչ կապ ունի Նալբանդյանը: Հունվարի 17-ին մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առիթով գոյություն ունի որոշումների ամբողջ շարք, որ նախ և առաջ ընդունել է ՄԱԿ-ի ԱԽ-ն կոնֆլիկտի ամենաթեժ պահին և պահանջել է կրակի դադարեցում»: Նա հիշեցրեց, որ թեպետ պայմաններից մեկը «օկուպացված տարածքների» ազատումն էր, նկատի էր առնվում՝ ոչ մի դեպքում ուժով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելուց հետո: Նախարարի խոսքով՝ «դա գրված է այն փաստաթղթերում, որ մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ նրա համանախագահների միջոցով (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա)», նաև՝ «բազում հայտարարություններում, որ ընդունել են համանախագահ նախագահները (ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները), հայտարարություններում ու փաստաթղթերում, որ ընդունել ու ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Վեճերի խաղաղ կարգավորումը այնտեղ գրի է առնված բացարձակապես առանց երկիմաստության»:

Բայց գլխավորը, որ Լավրովն ասաց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»: Չափազանց կարևոր է հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը միջազգայի՞ն է: Մի քանի պատճառներով: Ինչպես կարծում են միջազգային իրավունքի մասնագետները, «միջազգային զինված կոնֆլիկտ» հասկացության տակ պետք է հասկանալ զինված պայքարը պետությունների միջև, ազգային-ազատագրական շարժումների միջև, օկուպանտի և օկուպացված տարածքի բնակչության միջև, պայքարն առանձնանալու համար և զինված պայքարը, որին մասնակցում են ՄԱԿ-ի ուժերը: Արձանագրված իրավիճակներից յուրաքանչյուը պարունակում է բազում չկարգավորված հարցեր, բայց գլխավորը, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ներքին չի համարվում, որ փաստացի, բայց միայն վերջերս բարձրաձայնված արձանագրում է, եթե դեն նետենք դիվանագիտական պատյանը: Պատահական չէ, որ ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի դիվանագիտության և կոնֆլիկտոլոգիայի պրոֆեսոր Քերի Քավանոն իր հատուկ զեկույցում, որից հատվածներ հաճույքով տպագրեցին Բաքվի շատ ԶԼՄ-ներ, կանխատեսում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջարկել հետևյալ միջոցները՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի հետագա լարումը. 1) հրադադարի անհապաղ վերականգնում, աջակցություն կողմերի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախաձեռնությանը, 2) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, որը դատապարտում է որևէ լուրջ ռազմական գործողություն, 3) անվանել հակամարտող կողմերի շփման գծում նախահարձակ կողմին, պատժել հրապարակային դատապարտման և տնտեսական օգնության դադարեցման միջոցով կամ պատժամիջոցների:


Իսկ սրանք հենց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի հիմնարար պայմաններն են: Շրջանը փակվում է: Վտանգավոր է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պարունակում է աշխարհաքաղաքական բարձր ներուժ, սրումը կարող է ներառել տարածաշրջանը, որ առանց այդ էլ գերհագեցած է իրական ու լուրջ կոնֆլիկտներով:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Համենայն դեպս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահները նախկին համանախագահի կանխատեսումների հետ համաձայն չեն՝ նրանք երեկ հերթական հայտարարությունն են արել, որ «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան տուժածներ: Մի քանի մարմիններ դեռևս մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ»: Այսինքն՝ իրենք տեղյակ չեն՝ ով է նախահարձակ կողմն ու ինչ է ուզում, իրենք կոչ են արել «կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»: Ի՞նչ կասեր Քերի Քավանոն: Երբ Լավրովն արդեն ասել է՝ կոնֆլիկտն Ադրբեջանի ներքին գործը չէ, իսկ Մամեդյարովը մարտին գնալու է իր շքանշանը ստանալու և կոնֆլիկտի կարգավորումը մեռյալ կետից շարժելու: Իսկ ամենակարևորը՝ ի՞նչ կասի Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, չէ որ նա այլևս ի պաշտոնե խոսքի իրավունք ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ